«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Եվրոպայում կենացն ընդունված չէ, Մոսկվան էլ կենացներին վաղուց չի հավատում

Եվրոպայում կենացն ընդունված չէ, Մոսկվան էլ կենացներին վաղուց չի հավատում
02.07.2026 | 21:44

Չի մեղմանում, է՛լի, հո զոռո՞վ չի:

Ոչ մի կերպ չի մեղմանում Եվրոպայի դարավոր թշնամանքը Ռուսաստանի նկատմամբ: Ցարական կլինի, խորհրդային, թե կապիտալիստական՝ տարբերություն չկա, Եվրոպայի համար Ռուսաստանը եղել և մնում է չարիքի կայսրություն, որի դեմ պայքարել, պայքարում ու պայքարելու են:

Հայաստանին էլ «պիտուշոկի» դեր է վերապահված աշխարհաքաղաքական այս հակամարտությունում. մեկ մի կողմն է մտցնում խաղի մեջ, մեկ՝ մյուս կողմը: Ով հաղթեց, նա էլ վերջնական որոշում կկայացնի՝ ընդգրկվում ենք հիմնական կազմու՞մ, թե՞ շարունակում ենք «պիտուխություն» անել պահեստայինների նստարանին:

Լավ, մե՞նք ինչ ենք ուզում: Ո՞ր կողմի հետ խաղը կգերադասեինք, եթե ընտրության լիարժեք իրավունքը տրվեր միայն մեզ:

«Կովկասի գերուհին» ֆիլմի էն դրվագը հիշեցի, երբ լեռնցի պերճախոսը կենաց է ասում ցանկությունների ու հնարավորությունների մասին:

«Ցանկություն ունեմ հորթ գնելու, բայց հնարավորություն չունեմ: Հնարավորություն ունեմ այծ գնելու՝ ցանկություն չունեմ: Խմենք, ուրեմն, այն բանի կենացը, որ մեր ցանկություններն ու հնարավորությունները միշտ համընկնեն»:

Հայաստանաբնակ բոլոր հայերի անունից դժվար է երաշխավորել, բայց իշխող քաղաքական թիմը հաստատ կարող է նմանատիպ կենաց ձևակերպել.

«Ցանկություն ունեմ Եվրոպական Միություն մտնելու, բայց հնարավորություն չունեմ: Հնարավորություն ունեմ Եվրասիական Տնտեսական Միության մեջ մնալու, բայց ցանկություն չունեմ: Խմենք, ուրեմն, այն բանի կենացը, որ, անկախ մեր ցանկություններից ու հնարավորություններից, փողի պակաս երբեք չունենանք»:

Իսկը փողի գինն իմացող ճարպիկ կովկասցու կենաց, որ մեկ եվրոպացիքի սեղանին է հնչեցվում, մեկ՝ ռուսների: Այլ հարց է, որ Եվրոպայում ընդհանրապես կենացն ընդունված չէ, Մոսկվան էլ կենացներին վաղուց չի հավատում: Երկուսն էլ անբաժակաճառ սեղանների կողմնակից են և հայաստանյան իշխանություններին պարզ հասկացրել են, որ երկընտրանք չի լինելու՝ կա՛մ եվրոպական բրենդի կդրվի սեղանին, կա՛մ ռուսական օղի:

Ամենատխուրն այն է, որ հավաքական հայության «քիմքը» բանի տեղ դնող չկա: Ռուսներն, իհարկե, ակնարկեցին հանրաքվեի մասին, բայց նրանց ակնարկն էլ բանի տեղ դնող չեղավ: Որոշում կայացնողի իրավունքը սեփականաշնորհած Հայաստանի ոչ բարով ղեկավարն այդ դուռը փակեց, որպեսզի մեկ ուրիշ դուռ բացվի հայերի համար: Եվրոպական տան դռան մասին չի խոսքը, այլ ընդամենը եվրոպական շուկայի, որի հեռանկարը չափազանց մշուշոտ է՝ լավատեսական կանխատեսումներ անելու համար:

Իսկ կանխատեսել պետք է, հատկապես ռուս-եվրոպական խորացող թշնամանքի պայմաններում, երբ փոքրիկ կայծն անգամ մի նոր հրդեհի պատճառ կարող է դառնալ:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 1398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ